Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ՀԵՏՎՃԱՐ ARCA ՔԱՐՏՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ

Կատարիր անկանխիկ վճարումներ քո ArCa քարտով և ստացիր հետվճար

Hero image

Պայմաններ

2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ Ֆինանսների նախարարության և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նախագծի, շրջանակում ArCa քարտերով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց կտրամադրվի կատարված վճարումների հանրագումարի 2%-ի չափով հետվճար։

Հետվճարի հաշվարկման համար հիմք կընդունվեն բոլոր ArCa վճարային քարտերով (բացառությամբ ArCa Business քարտերի) իրականացված վճարային գործառնությունները, բացառությամբ ստորև նշվածների.

  • Տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներ,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարված վճարումներ,
  • Բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ, այդ թվում՝
    «Մեծահասակների համար նախատեսված բովանդակության»,
    «Ծանոթությունների կայքեր և հարթակներ»,
    «Խաղատներ և խաղային ծառայություններ»,
    «Ազարտային խաղեր»,
    «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ»,
    «Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակներ»,
    «Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայություններ»,
    «Հեռախոսային մարքեթինգային ծառայություններ»,
    «Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ»,
    «Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը,
  • ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,
  • Ստացված հետվերադարձ, փոխհատուցումներ և հետգանձումներ։ Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։

Հետվճարի չափը և սահմանաչափերը

  • Սույն նախագծի շրջանակում հետվճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքի դիմաց, ընդ որում՝ մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի չափը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը։
  • Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարի առավելագույն չափը սահմանվում է 60,000 ՀՀ դրամ՝ անկախ շահառուի ունեցած ArCa քարտերի քանակից։
  • Կից քարտերով կատարված գործարքները գումարվում են հիմնական քարտով կատարված գործարքներին։
  • Հետվճարի մասով շահառուն հարկային պարտավորություն չի ստանձնում։

Բացի այդ 2026 թվականի հունվարի 1-ից ArCa Pension քարտով POS տերմինալներով իրականացված անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի նաև մինչև 20% հետվճար, առավելագույնը 10,000 ՀՀ դրամ, նախկինում գործող 12%, առավելագույնը 6,000 ՀՀ դրամի փոխարեն։

Հետվճարի փոխանցում

Հետվճարը շահառուի հաշվին փոխանցվում է՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։
Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի ArCa վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։

Էջի վերջին թարմացում՝ 12.05.2026