Loading...
Media image

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը անցկացրեցին սեմինար-քննարկումներ «Բիզնեսի թվայնացում» թեմայով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում ՓՄՁ-ների համար «Բիզնեսի թվայնացում» թեմայով սեմինար-քննարկում են անցկացրել:

 

Բանկի գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակներն են գործընկերներին և հասարակությանը ներկայացնել թվային տեխնոլոգիաների արդի համաշխարհային միտումները, ցույց տալ դրանց կիրառման առավելությունները և գործնական հնարավորությունները: Մենք դա կիրականացնենք «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ, քանի որ վստահ ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը լայն հնարավորություններ է տալիս ստարտափ կազմակերպություններին՝ ձեռք բերելու մրցակցային առավելություններ և մրցել խոշոր ու միջին ընկերությունների հետ:

 

Անդրադառնալով բանկում թվային տեխնոլոգիաների կիրառությանը՝ Նիկոլայ Հովհաննիսյանը նշեց. «Թվային տեխնոլոգիաների զարգացումը ՓՄՁ ոլորտին հնարավորություն կտա ընդլայնել  գործունեության  շրջանակը, բարձրացնել բիզնեսի արդյունավետության  մակարդակն  ու տնտեսության մեջ իր դերը: Ներկայում մեր թվային պրոդուկտներից օգտվում է հաճախորդների 10-15%-ը, և այս միջոցառման հիմնական նպատակներից է ավելացնել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների իրազեկվածության մակարդակը և ցույց տալ բիզնեսի թվայնացման առավելությունները՝ այդ թվում նաև մեր օրինակով»,- ասել է նա:

 

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը ևս կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը բիզնեսի զարգացման գործում:

 

«Գաղտնիք չէ, որ աշխարհը փոփոխվում է մեծ արագությամբ, և այդ փոփոխությունից զերծ չեն կարող մնալ նաև ՓՄՁ-ները. այս գործընթացը մենք անվանում ենք թվային տրանսֆորմացիա: Ցավոք, Հայաստանում դեռ լայն իմաստով բիզնեսի թվային տրանսֆորմացիա տեղի չի ունեցել, բայց հույս ունենք, որ նաև մեր համատեղ աշխատանքի շնորհիվ իրավիճակը կփոխվի, բիզնեսը կսկսի գիտակցել տեղեկատվական տեխնոլոգիաների արժեքն ու կարևորությունը: ԱԿԲԱ-ն մեծ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկատերերի հետ, բարձրացնում նրանց գիտելիքները, իրազեկվածությունը համաշխարհային տենդենցների և բիզնես գործընթացների վերաբերյալ: Շատ ուրախ ենք նման գործակցության համար և շնորհակալ ենք ԱԿԲԱ բանկի թիմին՝ նախաձեռնելու համար: »,- ասել է Լիանա Կորկոտյանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան ՓՄՁ ոլորտի ավելի քան 250 ներկայացուցիչ:Բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութերին, թվայնացման առավելություններին ու ընձեռվող նոր հնարավորություններին այսուհետև  կարող եք ծանոթանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի  sme.acba.am  պորտալի «Բիզնեսի թվայնացում» բաժնում:
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025