
Ակբա բանկի գործընկերությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է SAP CodeJam միջազգային տեխնոլոգիական հանդիպումը, որի շրջանակում Հնդկաստանից Երևան են ժամանել SAP տեխնոլոգիական ընկերության առաջատար մասնագետներ։
SAP CodeJam-ի շրջանակում միջազգային տեխնոլոգիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ծրագրավորողներ, խորհրդատուներ և ոլորտային մասնագետներ մասնակցել են ուսուցման ձևաչափով երկօրյա միջոցառման և հնարավորություն ստացել աշխատել նորագույն տեխնոլոգիաներով, ինչպես նաև փորձարկել տեխնոլոգիական նոր լուծումներ՝ տեղում ստանալով մասնագիտական խորհրդատվություն։
Հանդիպման առանցքում եղել է արհեստական բանականությունն ու ծրագրավորման միջոցով AI գործակալների ստեղծումը։ Մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու SAP-ի առաջարկած լուծումներին։
«Տարբեր երկրներում SAP-ը տրամադրում է այս հնարավորությունը, բայց հիմնականում այն երկրներում, որտեղ գոյություն ունի մեծ շուկա։ Սակայն Հայաստանում նույնպես կարողացանք ստանալ այս հնարավորությունը շնորհիվ Ակբա բանկի, և նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ ուսուցումը այսօր տեղի է ունենում Երևանում։ Մեր հայրենակիցները հնարավորություն են ստացել օգտվել այս բացառիկ հնարավորությունից»,- նշել է SAP հայկական համայնքի ղեկավար Ծովինար Չուգասզյանը։
«Քննարկման թեման արհեստական բանականությունն է, թե ինչպես կարելի է ծրագրավորման միջոցով ստեղծել AI գործակալներ։ Մենք հասկանում ենք, որ նոր թեմա է, և մարդիկ նոր են ծանոթանում գործիքներին, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք մեծ հետաքրքրություն ու ոգևորություն»,- նշել է SAP ընկերության ներկայացուցիչ Շիլպա Շանքարը։
«Մասնակիցները ակտիվ են, ցանկանում են սովորել և հասկանալ, թե ինչով է այս ամենը տարբերվում ավանդական ծրագրավորումից և այն թեմաներից, որոնց հետ նախկինում աշխատել են։ Մեր նպատակն այն է, որ նրանք հասկանան արհեստական բանականության հիմնական գաղափարները և պատկերացնեն՝ ինչ են AI գործակալները»,- նշել է SAP ընկերության ներկայացուցիչ Շինա ՄԿ-ն։
Նախաձեռնության նպատակն է նպաստել
Հայաստանում տեխնոլոգիական համայնքի զարգացմանը, նոր գիտելիքի տարածմանը և միջազգային
առաջատար փորձի փոխանակմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։