Loading...
Media image

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ ունի. Իսակով 22/1 հասցեում՝ ավելի քան 14600 քմ տարածքում, կանգնած է յոթհարկանի նորարարական շենքը՝ ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր ստանդարտներով։

Բանկի նոր գլխամասային գրասենյակը նախագծել է իտալական «Ռենկո» ընկերությունը. շենքն ունի ավելի քան 6000 քմ կանաչ մակերես, տնկվել է ավելի քան 280 ծառ։ Շենքի ներսում ևս կանաչ գոտին զգալի տարածք է զբաղեցնում։ Առկա է շուրջ 200 քմ կանաչ մակերես, ավելի քան 820 բույս ու ծաղիկ: Շենքն ունի ավելի քան 300 կՎտ հզորությամբ արևային կայան:

«Մեր լավագույն երազանքների մեջ էլ չէինք պատկերացնում, որ այսպիսի շենք կունենանք, բայց մենք էլ մեր երկրի հետ զարգացանք, ընդլայնվեցինք ու ավելի խելացի դարձանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ շատ սիրելի ակբայականներին` իրենց նվիրման, աշխատանքի, համարձակության համար։ Ամփոփելով մեր գործունեության 30 տարին, ասում ենք, որ մեզ համար տրված է մյուս 30 տարվա մեկնարկը», -նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Երեսուն  տարին բավական երկար ժամանակ է՝ գնահատելու ոչ միայն անցած ճանապարհը, այլ նաև այն ներդրումը, որն Ակբան ունեցել է երկրի տնտեսության զարգացման գործում: Այսօր Ակբան համակարգված ֆինանսական ծառայություն մատուցող ընկերություն է, որը սպասարկում ու ֆինանսավորում է ինչպես տնային տնտեսություններ, այնպես էլ փոքր, միջին ու խոշոր բիզնեսներ: Մենք նշում ենք ևս մեկ խորհրդանշական իրադարձություն՝ Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացումը։ Նոր շենքը միայն անցած ճանապարհի արդյունքը չէ։ Այն նաև ապագայի նկատմամբ վստահության, երկարաժամկետ ծրագրերի և ավելի մեծ հավակնությունների արտահայտությունն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ակբա բանկն ու ՎԶԵԲ-ը երկարամյա գործընկերներ են: Մենք աջակցել ենք Ակբա բանկին՝ այս շենքի կառուցմանը նպաստելու, ինչպես նաև կայունության և բնապահպանական բարձր չափանիշներ ներդնելու նպատակով։ Սա Հայաստանում LEED սերտիֆիկացում ունեցող շենք է։ Մենք իսկապես հպարտ ենք այս ձեռքբերմամբ և ցանկանում ենք, որ Ակբա բանկի աշխատակիցներն ու ղեկավարությունն այս կայուն, բնապահպանական չափանիշներին համապատասխան շենքում վայելեն իրենց աշխատանքային առօրյան»,- նշել է Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավար Ռեմոն Զաքարիան։  

«Ռենկոյի համար, որը պատասխանատու է եղել ճարտարապետական, տեխնիկական և ինժեներական նախագծերի համար, այս աշխատանքը եղել է   պատասխանատվության և հպարտության աղբյուր։ Այս համալիրի նախագծման և կառուցման ընթացքում մեր նպատակն էր հիմք դնել ժամանակակից բիզնես էկոհամակարգի: Նախագծումը և շինարարությունն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային LEED բնապահպանական սերտիֆիկացման խիստ չափանիշներին»,- նշել է «Ռենկո» ԲԸ նախագահ Ջովաննի Գասպարինին։

Էջի վերջին թարմացում՝ 09.10.2026