
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հովանավորությամբ Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:
Իր խոսքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ Հայաստանում լավագույն բուհերից մեկն ավարտելով` նրանք կայուն հիմք են ստեղծում լավ մասնագետ կայանալու գործում: <<Ձեր նպատակներին հասնելու ճանապարհին կհանդիպեք բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարել կօգնեն առաջին հերթին ձեռք բերված գիտելիքները, ունակություններն ու ձեր հաստատակամությունը: Հետևողական եղեք յուրաքանչյուր նախաձեռնությունում և փորձե՛ք անել հնարավորը ձեր ընտրած ասպարեզում լավագույնը լինելու համար>>, - հավելեց Հակոբ Անդրեասյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երկար տարիներ համագործակցում է ՀՖՀՀ-ի հետ կադրերի պատրաստման գործում: Բանկը հանդիսանում է համալսարանի «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատի հիմնադրման աջակիցը և հովանավորը: