Loading...
Media image

Գավառի մանկատան սաները հաղթահարեցին Արմաղան լեռան գագաթը


Ս.թ. սեպտեմբերի 11-ին  Գավառի մանկատան սաները և ուսուցիչները,  մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ  միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը:

Հաղթահարելով  ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին  լեռնագագաթին գտնվող  խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին  Հայաստանի անկախության տարեդարձին  նվիրված քննարկմանը: «Վորլդ Վիժն»-ի Գավառի գրասենյակի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին  ազգային խաղեր և  այլ զվարճանքներ:  Ընդհանուր թվով ավելի քան 40 երեխա և մոտ 25 մեծահասակ մասնակցեց միջոցառմանը:


Նման միջոցառումները մանկատան սաներին  հնարավորություն են տալիս  հաստատությունից  դուրս  կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ և  ձեռքբերել նոր ընկերներ, ինչը նպաստում է այդ երեխաների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը:


Գավառի մանկատանն իրականացվող  եռակողմ համատեղ ծրագիրը  սկսվել է 2014 թ. հոկտեմբերին:  Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է  կրթական կենտրոն, որտեղ  9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից և մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է  հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի,  պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաև  տարբեր մասնագիտական դասընթացների:


Ծրագրի՝ մոտ 41 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորումն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից թողարկած Visa ԲԱՐԵՐԱՐ  բարեգործական քարտի միջոցով:  Ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը:


Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ , «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի առաջին համատեղ բարեգործական նախաձեռնությունն է: 
Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025