Loading...
Media image

«Արհեստական բանականության անատոմիան». կկայանա Silicon Mountains 2025-ը

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ, միջոցառման կազմակերպիչները ԶԼՄ ներկայացուցիչներին են ներկայացրել գագաթնաժողովի նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։ Գագաթնաժողովն անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով։

Հանդիպմանը Silicon Mountains 2025-ի կազմակերպիչները, խոսնակներն ու հյուրերը քննարկել են արհեստական բանականության կիրառման դրական և բացասական կողմերը, նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը բիզնեսի և հասարակության վրա, ինչպես նաև Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարները։

Գագաթնաժողովի աջակիցներից է Ակբա բանկը, որն արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումն իր աշխատանքներում ներդրել է դեռևս 2020 թվականին՝ ստեղծելով մասնագիտացված ստորաբաժանում։ Այդ քայլով Ակբան դարձել է բանկային ոլորտում թվային տրանսֆորմացիայի իրականացման առաջատարներից մեկը:

«Մենք ստեղծեցինք թիմ, ենթակառուցվածքներ, որպեսզի  կարողանանք մեր  կողմից մշակված մոդելները ներդնել բանկի աշխատանքներում։ Բանկի տարբեր ոլորտներում արդեն իսկ ունենք ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդելներ՝ սկսած վարկավորման որոշումների կայացման համակարգերից մինչև փաստաթղթերի շրջանառություն, մշակում, վաճառքների գործընթաց, հաճախորդների խորհրդատվություն և սպասարկում։ Մեծ հաշվով արհեստական բանականությունն ամենուր է և ամեն օր մենք առաջ ենք գնում այս ուղղությամբ»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

«Silicon Mountains 2025-ին տարբեր ուղղություններով ենք դիտարկելու, թե արհեստական բանականությունը տնտեսության տարբեր ճյուղերում ինչպես է կիրառվում, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Այսինքն որ ճյուղերում են առաջադեմ տեխնոլոգիաները կիրառվում լավ արդյունքներ ստանալու համար։ Silicon Mountains-ն այն հարթակն է, որը պատասխանելու է այդ հարցերին և փորձելու է ներկայացնել, թե ինչ հնարավորություններ կան աշխարհում, որ մենք կարող ենք օգտագործել»,- նշել է  ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

 

 

Էջի վերջին թարմացում՝ 08.05.2026